ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելը 2021-ին 11.3 միլիարդ դոլարի զենք է վաճառել

Իսրայելը 2021-ին 11.3 միլիարդ դոլարի զենք է վաճառել

Իսրայելը 2021-ին 11.3 միլիարդ դոլարի զենք է վաճառել, ինչը երեք միլիարդ դոլարով ավելի է 2020 թ. նույն ցուցանիշից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսրայելական զենքի արտահանումը 2021 թ. նոր ռեկորդի է հասել՝ կազմելով 11.3 միլիարդ դոլար: Ստորագրված նոր համաձայնագրերի թիվը 2020 թ. համեմատ աճել է ավելի քան 30 տոկոսով»,- ասվում է հայտարարության մեջ։
 
Նախարարությունում նշել են, որ 2021-ին Իսրայելի ռազմական արտահանման հիմնական մասը եղել են «հրթիռները, ռեակտիվ զենքերը եւ հակաօդային պաշտպանության համակարգերը (20 տոկոս), վերապատրաստման ծառայություններ (15 տոկոս), անօդաչու թռչող սարքեր եւ անօդաչու համակարգեր (9 տոկոս), ռադարներ եւ ՌԷՊ-եր (9 տոկոս), կառավարվող ինքնաթիռներ եւ ավիոնիկա (9 տոկոս), հսկողություն եւ օպտոէլեկտրոնիկա (5 տոկոս), մարտական ​​մոդուլներ եւ արձակող սարքեր (7 տոկոս), տրանսպորտային միջոցներ եւ զրահափոխադրիչներ (7 տոկոս), կապի համակարգեր (6 տոկոս), հետախուզական եւ կիբեր համակարգեր (4 տոկոս), զինամթերք (4 տոկոս)»։
 
Մամուլի ծառայությունում հավելել են, որ 2021 թ. Իսրայելի պաշտպանական արտահանման 34 տոկոսն ուղարկվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ, 41 տոկոսը՝ եվրոպական երկրներ, 12 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկա, 3 տոկոսը՝ Աֆրիկա, եւս 3 տոկոսը՝ Լատինական Ամերիկա: Բացի այդ, անցյալ տարի իսրայելական զենքի հոսքի 7 տոկոսը բաժին է ընկել այն արաբական երկրներին, որոնք ստորագրել են Աբրահամի համաձայնագրերը, նշել են նախարարությունում։
 
«Պաշտպանական հարաբերությունները Իսրայելի քաղաքական հարաբերությունների եւ այլ երկրների հետ համագործակցելու մեր կարողության անբաժանելի մասն են: Մենք աշխատում ենք ամրապնդել այդ կապերը եւ նոր գործընկերություններ ստեղծել անվտանգության ոլորտում»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ մեկնաբանելով զենքի արտահանման անցյալ տարվա արդյունքները։ «Պաշտպանական համաձայնագրերի գագաթնակետը 2021 թ. ծառայում է առաջին հերթին Իսրայելի անվտանգության ամրապնդմանը»,- փոխանցել է նախարարի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից ստորագրված երկրների միջեւ արտահանման համաձայնագրերի մասնաբաժինը եռապատկվել է՝ հասնելով 3.365 միլիարդ դոլարի 2021 թ.՝ 2020 թ. 911 միլիոն դոլարի համեմատ»,- պարզաբանել են նախարարությունում:

  • Կիսվել: