կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Իսրայելն ընդունել է ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, ՀԱՄԱՍ-ը՝ դեռ ոչ

Իսրայելն ընդունել է ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, ՀԱՄԱՍ-ը՝ դեռ ոչ

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է 2 ամսով հրադադարի նոր նախագիծ։ Կողմերը կրակը դադարեցնելու հնարավորություն ունեն, կարծում են Վաշինգտոնում: Reuters-ին ծանոթ փաստաթղթի համաձայն՝ Գազայում հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ազատ արձակի 28 իսրայելցի պատանդի՝ ողջ և մահացած, փոխարենն ազատ է արձակվելու 1236 պաղեստինցի, հանձնելու են 180 մահացած պաղեստինցու աճյուն։

Մնացած իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն, երբ Գազայում հաստատվի մշտական ​​​​հրադադար։ Իսրայելը, իր հերթին, պարտավորվում է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Գազայում հրադադարի ուժի մեջ մտնելու պահից։ Իսրայելի պաշտպանության ուժերը կսկսեն զորքերի փուլային դուրսբերումը տարածաշրջանից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միջնորդներ Եգիպտոսն ու Կատարը պետք է հանդես գան որպես համաձայնագրի իրականացման երաշխավորներ։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մարդասիրական օգնությունը կմտնի Գազայի հատված՝ ՄԱԿ-ի, Կարմիր մահիկի և այլ համաձայնեցված ճանապարհներով։

Reuters-ի հաղորդմամբ՝ Իսրայելն ընդունել է հրադադարի նոր նախագիծը, որը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ը՝ դեռ ոչ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ ուսումնասիրում են փաստաթուղթը և մտադիր են պաշտոնական պատասխան տալ ուրբաթ կամ շաբաթ։ Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ այն «հիմնականում արտացոլում է Իսրայելի դիրքորոշումը» և չի պարունակում այդ երկրի հստակ պարտավորությունները՝ Գազայում պատերազմը դադարեցնելու, զորքերը տարածաշրջանից դուրս բերելու և մարդասիրական օգնությունը թույլատրելու հարցերում։

Euronews-ն էլ նշել է, որ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր նախագիծը հայտարարվել է Հորդանան գետի Արևմտյան ափը ակտիվորեն զարգացնելու Իսրայելի ծրագրերի ֆոնին։

Նույն օրը Թել Ավիվը հայտարարել է, որ Արևմտյան ափին կկառուցի ևս 22 բնակավայր՝ քայլ, որը միջազգային իրավունքի համաձայն անօրինական է։ 

  • Կիսվել: