շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, սակայն այդ իրավունքն ունի սահմաններ․ Ժոզեպ Բորել

Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, սակայն այդ իրավունքն ունի սահմաններ․ Ժոզեպ Բորել

Չնայած այն բանին, որ Իսրայելն իրավունք ունի՝ պաշտպանելու իրեն հարձակումներից, սակայն պաշտպանվելու այդ իրավունքը սահմանափակվում է միջազգային իրավունքով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Պեկինում լրագրողների հետ հանդիպմանը։

«Իհարկե, Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու այն հարձակումից, որին ենթարկվել է: Բայց այդ իրավունքը, ինչպես մյուս իրավունքները, ունի սահմաններ։ Եվ այդ սահմանը միջազգային իրավունքն է և միջազգային մարդասիրական իրավունքը», - Բորել խոսքն է ներկայացնում ԵՄ արտաքին կապերի ծառայությունը։

Բորելը շեշտել է, որ Իսրայելի բանակի հրահանգը, որ 24 ժամում 1 միլիոն մարդ տեղափոխվի Գազայի հյուսիսային հատվածից դեպի հարավ, հնարավոր չէր իրագործել՝ հաշվի առնելով նաև այն, որ չկան փոխադրամիջոցներ։

Ինչ վերաբերում է Գազայում ալ-Ահլի հիվանդանոցի ռմբակոծությանը, Բորելը X սոցիալական ցանցում գրել է, որ հարկավոր է հայտնաբերել այդ հանցագործության մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։

Ըստ նախնական տվյալների՝ հիվանդանոցում պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։

Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։

Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։

  • Կիսվել: