Իսրայելն ու «Հեզբոլլահը» հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ օր անց արդեն մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու համար
Իսրայելն ու «Հեզբոլլահը» հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ օր անց միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման համար:
Այսպես, ըստ իսրայելական կողմի, իրենց ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար օգտագործվող օբյեկտին:
«ՑԱԽԱԼ-ը տեղակայվել է Լիբանանի հարավում, գործում և կասեցնում է հրադադարի մասին համաձայնագրի ցանկացած խախտում»,-հայտարարել է իսրայելական կողմը:
Նշվում է նաև, որ իսրայելական տանկերը գնդակոծել են Լիբանանի հարավում գտնվող վեց շրջան, երկու մարդ վիրավորվել է: Իսրայելի իշխանությունների հայտարարության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել ավտոմեքենաներով Լիբանանի հարավային շրջաններ ժամանածներին, որոնք խախտել են հրադադարի պայմանները:
«Հըզբոլլահի» ներկայացուցիչ Հասան Ֆադլալլան էլ Իսրայելին է մեղադրել հրադադարը խախտելու համար՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերը հարձակվում են սահմանամերձ գյուղեր վերադարձող մարդկանց վրա: