երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Գազային հարվածներ հասցնելու մասին

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Գազային հարվածներ հասցնելու մասին

Իսրայելցի զինվորականները վերսկսել են հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)։
 
Գազայի հատվածին հարվածներ հասցնելու հաղորդագրությունը հաջորդել է բանակի այն հայտարարությանը, թե իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցնում նաև Լիբանանի հարավային հատվածին:
 
Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածին ավիահարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծություններից հետո:
 
«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության լրացուցիչ օբյեկտների, այդ թվում՝ զենքի արտադրության ստորգետնյա համալիրի հանքի, զենքի արտադրության երեք լրացուցիչ օբյեկտների եւ ահաբեկիչների թունելի ուղղությամբ», - հայտարարել են զինվորականները:
 
Երեկ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիբանանի տարածքից տասնյակ հրթիռներ են արձակվել, որոնք ուղղված են եղել Իսրայելի հյուսիսում գտնվող հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանամերձ բնակավայրերին և քաղաքներին: Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Լիբանանի տարածքից 34 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որոնցից 25–ը ՀՕՊ համակարգը կարողացել է որսալ: Ըստ իսրայելական բանակի` Լիբանանի տարածքից գնդակոծությունն իրականացրել են Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման խմբավորումները:
 
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ավելի վաղ երկրի ռազմական ղեկավարությանը կարգադրել էր պատրաստվել ցանկացած հնարավոր պատասխան միջոցների: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ հրեական պետության թշնամիները կվճարեն Իսրայելի դեմ ագրեսիայի յուրաքանչյուր գործողության համար՝ հավելելով, որ ներքին տարաձայնությունները չեն խանգարի դրան:

  • Կիսվել: