«Իսրայելի՝ պատերազմից կախված կառավարությանը չի կարելի թույլ տալ կրկին արյան մեջ խեղդել մեր տարածաշրջանը»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելի՝ «պատերազմից կախված» կառավարությանը չպետք է թույլ տրվի տարածաշրջանը կրկին արյունահեղության մեջ ներքաշել, հաղորդել է Anadolu-ն։
Ստամբուլում Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ երկկողմ և ընդլայնված ձևաչափերով բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանն ընդգծել է. «Չպետք է թույլ տալ, որ Իսրայելի՝ պատերազմից կախված ներկայիս կառավարությունը կրկին մեր տարածաշրջանը խեղդի վառոդի հոտի և արյան մեջ»։
Նա նշել է, որ Թուրքիան ձգտում է այնպիսի պայմանների ձևավորման, որոնց դեպքում տարածաշրջանի բոլոր բնակիչները՝ անկախ դավանանքից, կկարողանան ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում։
«Որևէ լուծում, որը չի հենվում տարածաշրջանի երկրների կամքի և ներդրման վրա, չի կարող կայուն լինել», — ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Անկարան կշարունակի աշխատել «եղբայրական երկրների, առաջին հերթին՝ Պակիստանի հետ համերաշխությամբ, տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման համար»։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ «ամբողջ աշխարհը թեթևացած շունչ քաշեց Իսլամաբադի հուշագրով ապահովված հանգստության շնորհիվ»՝ նկատի ունենալով Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը։
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Շարիֆին և Պակիստանի ժողովրդին այս արդյունքի ձեռքբերմանը նպաստելու համար և հայտնել, որ Անկարան աջակցում է լարվածության նվազեցմանն ու դիվանագիտական ճանապարհով նդիրների կարգավորմանն ուղղված քայլերին։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է համաձայնագիրը տապալելու Իսրայելի փորձերին և մեղադրել է Թել Ավիվին Լիբանանի և Սիրիայի վրա հարձակումները շարունակելու, ինչպես նաև Գազայի հատվածում «անօրինական և անմարդկային» գործողությունների համար։



