Իսրայելի գործողությունները Արևմտյան ափին սպառնում են խաթարել Մերձավոր Արևելքի կարգավորման միջազգային ջանքերը. ԵՄ
Իսրայելի գործողությունները Արևմտյան ափին սպառնում են խաթարել Մերձավոր Արևելքի կարգավորման միջազգային ջանքերը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի խոսնակ Անվար ալ-Անունին։
Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական Միությունը դատապարտում է Հորդանանի Արևմտյան ափին վերահսկողությունն ուժեղացնելու Իսրայելի Անվտանգության խորհրդի վերջին որոշումը։ Դա ևս մեկ քայլ է սխալ ուղղությամբ, այն նույն ժամանակ, երբ միջազգային հանրությունն ակտիվորեն աշխատում է Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ»։
Խոսնակը հավելել է, որ նման գործողությունները լիովին հակասում են Իսրայելի ստորագրած՝ Օսլոյի համաձայնագրերին, և դրանք կարող են խաթարել Իսրայելի և Պաղեստինի ազգային ինքնավարության միջև Հեբրոնի արձանագրությունը, ինչպես նաև խաթարել ստատուս քվոն, որը հատկապես կարևոր է կրոնական վայրերի համար։
Անվար ալ-Անունին ասել է. «Եվրամիությունն ունի պատմական դիրքորոշում. մենք չենք ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունն այն տարածքներում, որոնք Իսրայելը բռնազավթել է 1967 թվականի հունիսից ի վեր՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։ Ըստ միջազգային իրավունքի՝ բռնակցումն անօրինական է, և նման նպատակով ձեռնարկված ցանկացած գործողություն համարվում է միջազգային իրավունքի խախտում»։
Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը վաղուց ուշադիր հետևում է Հորդանանի Արևմտյան ափում տիրող իրավիճակին: Պաշտոնյայի խոսքով՝ Արևմտյան ափում Իսրայելի գործողությունների հետևանքները խաթարում են երկու պետությունների լուծման կենսունակությունը։
«Այդ համատեքստում վերահաստատում ենք մեր հստակ հանձնառությունը կայուն խաղաղությանը՝ ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի: Երկու պետությունների լուծումը կարևոր է, և մենք պետք է համագործակցենք և՛ Իսրայել պետության, և՛ անկախ պաղեստինյան պետության հետ, որպեսզի երկու կողմերն էլ կարողանան ապրել խաղաղության մեջ: Պաղեստինյան պետության ճանաչումը իրավիճակի կարգավորման բանալիներից մեկն է, և երկու պետությունների լուծումից բացի այլ լուծում չկա»,-նշել է նա:


