երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները

Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները

Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան» ռազմական օպերացիայի վերաբերյալ, գրում է ermenihaber.am-ը:

Խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի միակողմանի գործողությունները չեն բարձրացնի անվտանգությունը և չեն նպաստի «ահաբեկչության» դեմ պայքարում ունեցած համատեղ ջանքերին։

Ավելի վաղ Իրաքի արտգործնախարարություն էր կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը, որին բողոքի նոտա է հանձնվել Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում «Վագրի ճիրան» ռազմական գործողությունը սկսելու կապակցությամբ։

Նա շեշտել է, որ Իրաքը որևէ պետության ներքին գործերին չի խառնվում, չի խախտում ինքնիշխանության իրավունքը և ջանքեր է գործադրում հավատարիմ մնալ բարիդրացիության սկզբունքներին և հավելել, որ նույնը ակնկալում է այլ երկրներից։

Նրա խոսքով՝ Իրաքը սահմանների անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու համար կարող է բանակցություններ ունենա հարևան երկրների հետ, սակայն մերժում է միակողմանի գործողությունները, որոնք վնաս կհասցնեն հասարակության անվտանգությանը և մասնավոր սեփականությանը։

 

  • Կիսվել: