կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանը որեւէ պարագայում չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, դա քննարկման ենթակա չէ. ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիր

Իրանը որեւէ պարագայում չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, դա քննարկման ենթակա չէ. ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիր

Իրանը բազմիցս ասել է, որ դեմ է տարածաշրջանային սահմանների փոփոխմանը և ամեն ինչ կանի, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտարարեց ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիր, քաղաքական վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Իրանը նախեւառաջ ամեն բան անում է, որպեսզի այս հարցը չհասնի ռազմական ճանապարհով լուծման: «Եթե հիշեք ԻԻՀ ԱԳՆ նախարարի խոսնակի վերջին հայտարարությունը, ապա այնտեղ հստակ ասված էր, որ Ադրբեջանի եւ ՀՀ-ի սահմանները չպետք է փոփոխության ենթարկվեն: Սա արդեն մեկ այլ քայլ էր Իրանի արտաքին քաղաքականության դրսեւորման մեջ: Չմոռանանք, որ այդ երկու երկրները ուղղակիորեն սահման ունեն Իրանի հետ: Այսինքն ցանկացած փոփոխություն այդ երկրների սահմանների միջև փոփոխելու է նաեւ Իրանի արտաքին ռազմավարությունը: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Իրանը փորձում է դիվանգիտական ճակատում ճնշում բանեցնելով, անել ամեն ինչ, որ այդ սահմանները փոփոխության չենթարկվեն»,- նկատեց վերլուծաբանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ այդ երկու երկրների որոշումից չէ, որ կախված է սահմանային փոփոխությունները` այստեղ կան նաև Թուրքիան եւ ՌԴ-ն, որոնք լուրջ դերակատարություն ունեն այս դեպքերի վրա: «Իրանը բավականաչափ լուրջ է վերաբերում Թուրքիայի բացահայտ հովանավորչությանը Ադրբեջանին: Ամփոփելով խոսքս` ասեմ, որ դժվար է այս պահին ասել, թե Իրանը, որ պարագայում գործի կդնի ռազմական ներուժը, բայց այն, որ Իրանը որեւէ պարագայում չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, դա քննարկման ենթակա չէ»,- եզրափակեց Զոհրաբյանը:

  • Կիսվել: