ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Իրանը դատապարտել է ԵՄ-ի և Բրիտանիայի նոր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ

Իրանը դատապարտել է ԵՄ-ի և Բրիտանիայի նոր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ

Իրանը հերքում է Արևմուտքի մեղադրանքները Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու մասին և կրկնում, որ Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը մնում է նույնը` Իրանը կոչ է անում բոլոր երկրներին հարգել մեկը մյուսի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ 

Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիին։

Նա ցավով է արձանագրել, որ Եվրոպական երկրները շարունակում են պնդել, որ Իրանը, ենթադրաբար, միջամտում է Ուկրաինայում հակամարտությանը, սակայն այս պնդումներն ապացուցող ոչ մի փաստ չեն ներկայացնում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ պաշտպանական և ռազմական ոլորտում համագործակցությանը՝ Բաղային նշել է, որ Իրանը ցանկացած երկրի հետ նման համագործակցության իրավունք ունի՝ ելնելով իր երկրի պաշտպանական կարիքներից։

Եվրամիությունը հոկտեմբերի 14-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ դա պատճառաբանելով Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումներով՝ Ուկրաինայում կիրառելու համար։ Սահմանափակումների նոր ցանկում ներառվել են 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձինք։

Իսկ Բրիտանիան հոկտեմբերի 14-ին Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակման։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել Իրանի բանակի բարձրաստիճան հրամանատարներ, Իրանի օդուժը և բալիստիկ ու թևավոր հրթիռների մշակմամբ զբաղվող ընկերություններ, ինչպես նաև Իրանի տիեզերական գործակալությունը։

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն սրանով փորձում են շեղել հանրության ուշադրությունը Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմատենչ քաղաքականությունից և «պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությունից»։  Նա նաև քննադատել է Արևմուտքի կողմից Իսրայելին մահաբեր զենքերի տրամադրումը։ 

Էսմայիլ Բաղային շեշտել է, որ Իրանն իրավունք ունի համապատասխան միջոցներ ձեռնարկել և պատասխանել «անօրինական և չարդարացված պատժամիջոցներին»։ 

 

  • Կիսվել: