ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իրանի լռությունն ու համբերությունը որպես թուլություն մի մեկնաբանեք. ԻԻՀ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևին

Իրանի լռությունն ու համբերությունը որպես թուլություն մի մեկնաբանեք. ԻԻՀ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակաիրանական հայտարարությունների վերաբերյալ ասել է.«Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, և Ադրբեջանի Հանրապետությունը բացառություն չէ, բայց ոչ մի երկիր իրավունք չունի սխալ հասկանալ այս քաղաքականությունը և Իրանի լռությունն ու համբերությունը մեկնաբանել որպես թուլություն», գրում է parstoday.com-ը: 

Նասեր Քանանի Չաֆին երկուշաբթի օրը լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հավելեց.«Հարևանների հետ Իրանի քաղաքականությունը հիմնված է հարևանության պահպանման վրա, և լրատվամիջոցներով դիրքորոշումներ ընդունելը և բողոքներ հայտնելն օգտակար չեն»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրաքի Քուրդիստանի շրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի լռի իր տարածքային անվտանգության և Իրաքի Քուրդիստանի տարածքից Իրանին ուղղված սպառնալիքների և անջատողական ահաբեկչական խմբավորումների գործունեության վերաբերյալ և միջազգային օրենքների համաձայն կպաշտպանի իր անվտանգությունն ու քաղաքացիներին»:

Քանանին ընդգծել է. «Կառավարիչների խորհրդում բանաձևի ընդունումը չի օգնում լուծել անվտանգության խնդիրները, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում եվրոպական կողմերին վարվել խոհեմ և շարժվել դեպի դիվանագիտություն և ոչ թե դեպի ոչ կառուցողական մորեցում, որը վնասում է դիվանագիտական ​​գործընթացը»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա) հակաիրանական դիրքորոշումներին, չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի սերտ և շարունակական փոխգործակցությանը, Քանանի Չաֆին հավելեց.«Ցավոք, այս երկրների հապճեպ ու ոչ կառուցողական քայլերը շարունակվում են, և նրանք փորձում են գործակալությունն օգտագործել քաղաքականապես և այն վերածել Իրանի դեմ քաղաքական ճնշում գործադրելու միջոցի»:

 

 

  • Կիսվել: