Իրանի դեսպանը կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն
Վրաստանում Իրանի դեսպան Ալի Մոջանին կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված սոցիալական ցանցերում նրա տարածած հայտարարությունների հետ:
Օրեր առաջ դիվանագետը սոցցանցում գրել էր, որ առաջիկայում ընթերցողներին կներկայացնի իր իրականացրած նախնական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ինչպես «Քեթևան թագուհուն, այնպես էլ Իրանում և Վրաստանում պահվող փաստաթղթերին և պատմական աղբյուրներին»:
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին Իրանի դեսպանին պարզաբանել է, որ սոցցանցերում իր տարածած հայտարարությունները դուրս են դիվանագիտական գործունեության շրջանակներից:
Փոխնախարարի խոսքով` նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա։ Նա հույս է հայտնել, որ իրանական կողմը համապատասխան միջոցներ կձեռնարկի և նման դեպքերն այլևս չեն կրկնվի, որպեսզի վրացական կողմից լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չառաջանա:


