շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի ԱԳՆ խոսնակը ցավակցել է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ

Իրանի ԱԳՆ խոսնակը ցավակցել է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասիր Քենանին ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածվել դեսպանության «Թվիթեր»-ի էջում։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, խորին ցավ հայտնելով ՀՀ ՊՆ զորամասում բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 15 անձ, և ևս մի քանիսը վիրավորվել է, ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ՀՀ կառավարությանը և ժողովրդին ու շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
 

2023 թվականի հունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: