շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Instagram–ն ու WhatsApp–ն Իրանում արգելափակվել են

Instagram–ն ու WhatsApp–ն Իրանում արգելափակվել են

Instagram հավելվածը  և WhatsApp մեսենջերը Իրանում արգելափակվել են։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների համապատասխան որոշումը։

Նրանց խոսքով, չորեքշաբթի երեկոյից այդ ծառայությունների հասանելիությունը արգելափակվել է։ Որպես նման որոշման հիմնական պատճառ՝ իշխանությունները նշում են «ընդդիմադիր տարրերի գործողությունները, որոնք խարխլում են ազգային անվտանգության հիմքերը», որոնք իրականացվել են այդ հարթակների միջոցով։ Թե արգելանքը մինչև երբ է ուժի մեջ, չի նշվում։

Նշենք, որ այդ որոշումն առնչություն ունի Իրանում ընթացող բողոքի ցույցերի հետ։

Իրանում վերջին մի քանի օրվա ընթացքում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ բողոքի ալիքը չի հանդարտվում։ Սեպտեմբերի 16-ին աղջկան ոստիկանական բաժանմունք են տարել գլխաշորը ոչ պատշաճ կրելու պատճառով, որտեղ նա սրտի կաթված է ստացել։ Ըստ Իրանի հանրության՝ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

Երկրի բուհերի մեծ մասի ուսանողները դուրս են գալիս ցույցի, որոշ աղջիկներ կտրում են իրենց մազերը և հանում գլխաշորերը տեսախցիկների առաջ։ Երեկ Շիրազ քաղաքում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մեկ ոստիկան սպանվել է, 15 ցուցարար կալանավորվել է։ Չորեքշաբթի երեկոյան Նիշապուր քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանական մեքենան։

  • Կիսվել: