Ինդոնեզիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով կան զոհեր
Ինդոնեզիայի Սումատրա կղզում հանկարծակի ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հայտնել է Արևմտյան Սումատրայի աղետների մեղմացման գործակալության ներկայացուցիչ Ֆաջար Սուկման, տեղեկացնում է AFP-ն:
Ըստ նրա՝ գյուղը, որը գտնվում է Սուտերա ենթաշրջանի բլրի լանջին, մեծ վնաս է կրել, իսկ շրջանի մոտ 200 ընտանիք մեկուսացած է մնացել սողանքից հետո, որին հաջորդել է հանկարծակի ջրհեղեղը:
Տեղական որոնողափրկարարական ծառայության աշխատակից Աբդուլ Մալիքը հայտնել է, որ փրկարարները փնտրում են անհետ կորածներին, իշխանություններն իրենց գործողությունները կենտրոնացրել են աղետից տուժած երեք շրջաններում:
Նշվում է, որ հինգշաբթի օրը տեղացած հորդառատ անձրևները բնական աղետի պատճառ են դարձել Արևմտյան Սումատրա նահանգի Պեսիսիր Սելաթան շրջանում, ինչի հետևանքով ավելի քան 75 հազ․ մարդ է տարհանվել: