երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինչպես կփոխվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, եթե ընտրություններում հաղթի ընդդիմության թեկնածուն. Politico

Ինչպես կփոխվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, եթե ընտրություններում հաղթի ընդդիմության թեկնածուն. Politico

Թուրքական ընդդիմությունը վստահ է, որ կարող է ապասառեցնել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները և վերջ տալ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու Անկարայի վետոյին, եթե մայիսին կայանալիք թեժ նախագահական ընտրություններում իրենց միասնական թեկնածուն հաղթի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ունալ Չևիքյոզը Politico-ին պատմել է իրենց հաղթանակի դեպքում երկրի արտաքին քաղաքականությունում սպասվող փոփոխությունների մասին։

Ակնկալվում է, որ մայիսին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում Էրդողանին կառավարման երկու տասնամյակի ընթացքում սպասվում է ամենաթեժ մրցապայքարներից մեկը, և դիտորդները ուշադիր հետևում են՝ պարզելու, թե արդյոք նոր կառավարությունը կարող է գծել ավելի արևմտամոտ քաղաքական ուղեգիծ: Պարբերականը նաև հիշեցնում է, որ 2018 թվականից ի վեր Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները փակուղի են մտել երկրի դեմոկրատական հետընթացի և նրա դատական համակարգի քաղաքականացման պատճառով:

«Մենք պատրաստվում ենք սկսել ներքաղաքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Սա ուղիղ ուղերձ կլինի մեր բոլոր դաշնակիցներին և եվրոպական բոլոր երկրներին նրա վերաբերյալ, որ Թուրքիան վերադարձել է ժողովրդավարության ճանապարհին, և դա, անշուշտ, շատ լուրջ փոփոխություն կստեղծի Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ ընկալման մեջ»,- Politico-ին տված հարցազրույցում ասել է պաշտոնաթող դիվանագետ Չևիքյոզը, որը որպես դեսպան աշխատել է Բաքվում, Բաղդադում և Լոնդոնում:

Երբ նրան հարցրել են ԵՄ երկրների (մասնավորապես Ֆրանսիան և Ավստրիան) մասին, որոնք ավանդաբար թշնամաբար են տրամադրված Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում, Չևիքյոզն ընդգծել է դիվանագիտական գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Էրդողանի՝ Եվրոպայի հետ առճակատման քաղաքականության տակ գիծ քաշելու համար:

«Մենք ուզում ենք, որ մեր երկիրը դառնա ժողովրդավարական երկիր՝ որպես քաղաքակիրթ ազգերի համայնքի անդամ», - ասել է նա։

Չևիքյոզը նաև ասել է, որ ընդդիմադիր դաշինքը չի արգելափակի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես դա անում է Էրդողանը։

«Կարծում եմ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը կբարձրացնի և կամրապնդի ՆԱՏՕ-ի պես հավաքական պաշտպանության կազմակերպության անվտանգությունը», - հավելել է նա:

Չևիքյոզը նաև ասել է, որ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ Թուրքիան պատրաստ է շարունակել միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և երկարաձգել հացահատիկի սևծովյան գործարքը։

«Ներկայումս Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները բավականին ասիմետրիկ են, քանի որ Թուրքիան մեծապես կախված է Ռուսաստանից էներգակիրների ներկրումից: Մենք պարզապես կընդգծենք այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Ռուսաստանի հետ մեր քննարկումներում, անշուշտ, կձգտնեք հավասար հարաբերությունների, բայց նաև կհիշեցնենք Ռուսաստանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է», - ասել է նա:

Մինչդեռ հարևան Հունաստանի հետ լարվածության սրման վերաբերյալ Չևիքյոզն ասել է, որ Հունաստանի արձագանքը Թուրքիայում անցյալ ամիս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերին «տվել է նոր հնարավորություն և ստեղծել նոր միջավայր»:

«Երկու երկրներում էլ ընտրություններ են լինելու, և, հավանաբար, ընտրությունները նույն օրը կլինեն: Այսպիսով, սա նոր հորիզոն կբացի երկու երկրների առջև», - եզրափակել է նա:

Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Պետության ներկայիս ղեկավար Էրդողանը մտադիր է կրկին մասնակցել դրանց՝ որպես Հանրապետական դաշինքի միասնական թեկնածու։ 69-ամյա Էրդողանը երկիրը ղեկավարում է 2014 թվականից։ Նրա մրցակիցը կլինի ընդդիմադիր Ժողովրդական դաշինքի միասնական թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Իր նպատակների թվում 74-ամյա քաղաքական գործիչը նշել է վերադարձը կառավարման խորհրդարանական համակարգին, որը լուծարվել էր Էրդողանի կողմից 2017 թվականին։

  • Կիսվել: