հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում երկու նավ է կանգնեցրել

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում երկու նավ է կանգնեցրել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերն այս գիշեր երկու նավ են կանգնեցրել, որոնք փորձել են ապօրինի մտնել Պարսից ծոց, ևս մի քանի նավ ստիպված է եղել հետ վերադառնալ։ Այս մասին ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, տեղեկացնում է Press TV-ն:

Նշվում է, որ գիշերը մի շարք պայթյուններ են հնչել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս քաղաքում։

Ըստ Axios-ի՝ ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանքը և չորս դրոն-կամիկաձե, որոնք, իբր, արձակվել էին ԱՄՆ ՌԾՈւ նավի և առևտրային նավի ուղղությամբ։

«Այս գիշեր մի քանի նավեր փորձել են անօրինական կերպով մտնել Պարսից ծոց՝ անջատելով իրենց նավիգացիոն համակարգերը։ Մի քանի ռադիոզգուշացումներից հետո ԻՀՊԿ ՌԾՈւ-ն տեղում կանգնեցրել է դրանցից երկուսին, իսկ մյուսներին ստիպել է հետ վերադառնալ»,- ասված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ բանակը դրանից հետո խախտել է հրադադարի ռեժիմը և մի քանի հրթիռ է արձակել Բանդար Աբաս քաղաքի օդանավակայանի ուղղությամբ, սակայն որևէ վնաս չի պատճառել։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ ի պատասխան այդ հարվածների՝ գրոհ է իրականացվել ԱՄՆ այն բազայի վրա, որտեղից կատարվել էին հրթիռների արձակումները։

«Եթե դա կրկնվի, ԱՄՆ բանակը կբախվի մեր կոշտ պատասխանին»,-հավելել է ԻՀՊԿ-ն և ընդգծել, որ իր ռազմածովային ուժերը երեկ 26 առևտրային նավ ու լցանավ են ուղեկցել՝ դրանց Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն տրամադրելուց հետո։

  • Կիսվել: