կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Հյուսիսային Իռլանդիայում ռասիզմի և ատելության դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

Հյուսիսային Իռլանդիայում ռասիզմի և ատելության դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի քաղաքապետարանի դիմաց գտնվող հրապարակում ՛՛Միավորվենք ռասիզմի դեմ շարժումը՛՛ կազմակերպել է բազմահազարանոց հանրահավաք՝ ՛՛Միասին ընդդեմ ատելության՛՛ կարգախոսով: Շարժման մասնակիցները կրում էին ՛՛Ատելությունը մեր փողոցների միակ սպառնալիքն է՛՛ և ՛՛Բելֆաստը դեմ է ռասիզմին՛՛ գրություններով պաստառներ, տեղեկացնում է DW-ն:

Նշվում է, որ բողոքի ակցիան սկսվել է ի պատասխան հունիսի 8-ին Հյուսիսային Բելֆաստում տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ 30-ամյա սուդանցի ապաստան խնդրողը դաժանորեն դանակահարել էր մոտ 40 տարեկան մի տղամարդու՝ հասցնելով ծանր վնասվածքներ աչքերի, գլխի ու մեջքի շրջանում:

Համապատասխան տեսանյութի՝ համացանցում տարածումից հետո քաղաքում սկսվել էին մասսայական անկարգություններ, որոնց ընթացքում դիմակավորված անձինք այրել էին աղբամաններ, մեքենաներ, ավտոբուս ու հարձակվել իրավապահների վրա:

Իրավապահները սուդանցուն պաշտոնապես մեղադրանք են առաջադրել սպանության փորձի, հասարակական վայրում դանակ կրելու և սպանության սպառնալիքի համար:

  • Կիսվել: