Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օրինագծին
Հունգարիայի խորհրդարանը վերջնական հավանություն է տվել օրինագծին, որով սկսում է Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու գործընթացը:
Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 134 պատգամավոր, դեմ՝ 37-ը:
«Հունգարիան վճռականորեն մերժում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ քրեական դատարանների օգտագործումը որպես քաղաքական ազդեցության գործիքներ», - ասվում է փաստաթղթում:
ՄՔԴ-ից դուրս գալու գործընթացը կտևի մոտ մեկ տարի: Հունգարիայում դատարանի կազմից դուրս գալու մասին հայտարարությունները հնչել են արդեն 2025 թվականի հունվարին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։ Հունգարիայի կառավարությունն այդ մասին պաշտոնապես հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ կատարած այցի ֆոնին, որի նկատմամբ գործում է ձերբակալման միջազգային օրդեր: