Հունգարիան դուրս չի գալիս ՄՔԴ-ի իրավասությունից
Հունգարիայի Ազգային ժողովը կասեցրել է երկրի՝ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու գործընթացը: Օրինագիծը նախորդ օրը կառավարության անունից ներկայացրել էր նոր վարչապետ Պետեր Մադյարը։
Նշենք, որ այդ գործընթացն ավելի վաղ նախաձեռնել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը։
Նոր ընդունված փաստաթուղթը ՄՔԴ-ին Բուդապեշտի անդամակցության պահպանման անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, որ միջազգային դատարանում մեղավորներին պատասխանատվության ենթարկելն անհրաժեշտ է «խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության համար»:
Խորհրդարանական քվեարկության ժամանակ Մադյարի «Տիսա» կուսակցության բոլոր անդամները քվեարկել են դատարանի իրավասությունից երկրի դուրս գալու չեղարկման օգտին, մինչդեռ «Ֆիդես»-ի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիան դեմ է քվեարկել։ Ձայների հարաբերակցությունը կազմել է 133-ն ընդդեմ 37-ի։


