կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հունաստանի արտգործնախարարը զգուշացնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի լուրջ սպառնալիքների մասին

Հունաստանի արտգործնախարարը զգուշացնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի լուրջ սպառնալիքների մասին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին տեղեկացրել է Թուրքիայի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող լուրջ սպառնալիքների մասին։

 Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Proto Thema թերթը, որը հրապարակել է Դենդիասի համապատասխան ուղերձները եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Սեպտեմբերի 5-ով թվագրված նամակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն որակվել են «չհրահրված, անընդունելի և վիրավորական Հունաստանի և հույն ժողովրդի համար»:

«Դրանց ակնհայտ սպառնալից բնույթն ու տոնայնությունն ավելի քան տեսանելի են»,-ասել է Դենդիասը և հավելել. «Թուրքիայի հռետորաբանությունը «ուղեկցվում է Էգեյան և հարավ-արևելյան Միջերկրական ծովում Հունաստանի ազգային ինքնիշխանության խախտումների աճով»:

«Իրականում Թուրքիան վերջին տարիներին կառուցում է ռեվիզիոնիստական օրակարգ՝ քարոզչական մարտավարությամբ, որը կասկածի տակ է դնում պայմանագրերով սահմանված տարածաշրջանային ստատուս քվոն՝ դրանով իսկ վտանգելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,-ասվում է ուղերձում։ Դենդիասը նաև հիշեցրել է, որ հենց Էրդողանը մի քանի ամիս առաջ որոշեց խզել Հունաստանի հետ ամենաբարձր մակարդակով հաղորդակցության բոլոր ուղիները։

«Մեր երկիրը հանդես է գալիս երկխոսության օգտին՝ որպես վեճերի լուծման միջոց, հատկապես հարևան երկրի հետ, որը, ինչպես գիտեք, դեռևս casus belli(պատերազմի համար առիթ) է պահում մեր երկրի դեմ»,-ընդգծել է Հունաստանի արտգործնախարարը։

«Թուրքիայի պահվածքը Հունաստանի նկատմամբ պետք է դատապարտվի ողջ միջազգային հանրության կողմից, և ՆԱՏՕ-ն չպետք է բացառություն լինի: Դա չանելով կամ թերագնահատելով իրավիճակի լրջությունը, մենք վտանգվում ենք տեսնել, որ նման իրավիճակ կստեղծվի Հին աշխարհի մեկ այլ հատվածում, մի բան, որ մեզանից ոչ ոք չէր ցանկանա»,-ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:


Սեպտեմբերի 6-ին Հունաստանի ԱԳՆ-ն նաև ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը ստորագրել է ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ Մարիա Թեոֆիլին։

«Ճշմարտությունն այն է, որ Հունաստանը բախվում է Թուրքիայի թշնամական պահվածքին թե՛ հռետորաբանությամբ, թե՛ գործով, ինչը դժվար թե հնարավոր լինի տեսնել երկկողմանի հարաբերությունների որևէ այլ դեպքում: Նման պահվածքը պետք է դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավունքի և խաղաղություն պաշտպանի»,-ասված է ուղերձի մեջ։

  • Կիսվել: