Հորդանանի թագաժառանգն Իսրայելի հետ տարաձայնությունների պատճառով չեղարկել է այցը Երուսաղեմի «Ալ-Աքսա» մզկիթ
Հորդանանի թագաժառանգը չեղարկել է Երուսաղեմի «Ալ-Աքսա» մզկիթ այցելը, որպեսզի Իսրայելը չխանգարի իր առաջին ուղեւորությանը քաղաքի սրբավայրեր, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ արտաքին գործերի նախարար Այման Ալ-Սաֆադին հաստատել է, որ մարտի 10-ին նախատեսված այցը, որի մասին Իսրայելը նախապես հայտարարել էր, չեղարկվել է տեղում անվտանգության միջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով:
Նա ասել է, որ արքայազն Հուսեյն բին Աբդուլլահը նախատեսել էր միանալ պաղեստինցի հավատացյալներին՝ մզկիթում ծառայության ժամանակ, որը իսլամի երրորդ սրբավայրն է Երուսաղեմի պարսպապատ Հին քաղաքում, որը Իսրայելը գրավել է 1967 թվականի մերձավորարեւելյան պատերազմի ժամանակ:
Ինչպես նշել է Սաֆադին՝ Իսրայելը փոխել է թագաժառանգի ծրագիրը, որը համաձայնեցվել էր Ամմանի հետ:
«Ալ-Աքսան» մահմեդականների երկրպագության վայր է, եւ Հորդանանը թույլ չի տա որեւէ միջամտություն իր գործերին, իսկ Իսրայելը դրա վրա ինքնիշխանություն չունի»,- ասել է նա:
Նշենք, որ Իսրայելը ողջ Երուսաղեմը համարում է իր «հավերժական ու անբաժանելի մայրաքաղաքը»: Նա 1967 թվականի հակամարտությունից հետո անեքսիայի է ենթարկել Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը, ինչը միջազգային ճանաչում չի ստացել:
Հորդանանի իշխող ընտանիքը՝ Հաշեմիտը, մահմեդական եւ քրիստոնեական սրբությունների պահապանն է Արեւելյան Երուսաղեմում:
Հիշեցնենք նաեւ, որ Իսրայելը երկու երկրների միջեւ 1994թ. կնքված խաղաղության պայմանագրի շրջանակներում ճանաչել է Հաշեմիտների՝ որպես «Ալ-Աքսա»-ի պահապաններ դերը, եւ պահպանում է սուրբ վայրի անվտանգության ընդհանուր վերահսկողությունը: