Հնդկաստանը շարունակում է ցավակցություններ ստանալ ավիաաղետի կապակցությամբ
Հնդկաստանը շարունակում է ցավակցություններ ստանալ ավիաաղետի կապակցությամբ, տեղեկացնում է Reuters-ը։
Ողբերգությանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ասելով. «Խորը ցավով տեղեկացանք Ահմեդաբադում (Հնդկաստան) տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Այս վշտի պահին իմ անկեղծ մտքերն եմ հայտնում զոհերի սիրելիներին և վարչապետ Նարենդրա Մոդիին»։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ցնցված է Ահմեդաբադում տեղի ունեցած «սարսափելի իրադարձություններից»։ Թագավորը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և ընկերներին ու հարգանքի խոսքեր ասել արտակարգ ծառայություններին և աջակցություն տրամադրող բոլոր անձանց։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես ցավակցություն է հայտնել հնդիկ ժողովրդին. «Սարսափելի լուր Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի մասին։ Այս ողբերգական օրն իմ խորին ցավակցություններն եմ հայտնում վարչապետ Մոդիին և Հնդկաստանի ողջ ժողովրդին։ Մեր մտքերը Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում և Կանադայում բոլոր զոհերի հարազատների և մտերիմների հետ են»:
Ցավակցություն են հայտնել նաև Կանադան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Ավստրալիան, Իտալիան, Սինգապուրն ու Չեխիան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին:
Հիշեցնենք, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։