ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ է սկսվել․ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ

Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ է սկսվել․ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ

Երկուշաբթի՝ մարտի 28-ին Հնդկաստանում մի շարք խոշոր արհմիությունների կոչով համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։

Արհմիությունների համահնդկական կոնգրեսի գլխավոր քարտուղար Ամարջիտ Կաուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ակցիային կարող է մասնակցել շուրջ 200 միլիոն մարդ։
 
«Մենք ակնկալում ենք ավելի քան 200 միլիոն աշխատողի մասնակցություն և զանգվածային մոբիլիզացիա ամբողջ երկրում մարտի 28-ին և 29-ին կայանալիք գործադուլի ժամանակ՝ ի նշան կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքի», - հայտնել է Կաուրը։
 
Գործադուլը կարող է ազդել փոստի, հասարակական տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտի, էներգետիկայի, նավթի և մետաղագործության ոլորտներում գործող ընկերությունների աշխատանքի վրա։ Ավելին՝ գործադուլին մասնակցելու մտադրություն են հայտնել նաև բանկերի աշխատակիցների արհմիությունները։
 
Արհմիությունները պահանջում են հրաժարվել մի շարք պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից, բարձրացնել աշխատավարձերը, արդար բաշխել եկամուտը, հավասար իրավունքներ ապահովել պայմանագրային աշխատողների համար և այլն։ Քաղաքացիներին կոչ է արվել ըմբռնումով մոտենալ գործադուլի հետևանքով առաջացած սահմանափակումներին, ինչպես նաև նախազգուշացվել է երկուշաբթի և երեքշաբթի բանկոմատների ու հասարակական տրանսպորտի աշխատանքներում հավանական խափանումների մասին։

  • Կիսվել: