ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հնարավոր է՝ միջուկային էներգետիկայի ծրագրի շուրջ գործարք կնքենք Չինաստանի հետ. Բայրաքթար

Հնարավոր է՝ միջուկային էներգետիկայի ծրագրի շուրջ գործարք կնքենք Չինաստանի հետ. Բայրաքթար

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը պատասխանել է Bloomberg-ի լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Չինաստանի հետ ունեցած հարաբերություններին, Չինաստանի Էներգետիկայի ազգային վարչության փոխնախագահ Հե Յանգի այցելությանը Թուրքիա, գրում է ermenihaber.am-ը:

Թուրք նախարարը մասնավորապես ընդգծել է․ «Մենք հասել ենք շատ կարևոր կետի՝ կապված Քըրքլարելիում ծրագրված էլեկտրակայանի հիմնման հետ, մենք պետք է այն վերջնական տեսքի բերենք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, որովհետև կրկին շահագրգիռ այլ կողմեր ​​կան, և մենք արդեն բավականաչափ բանակցել ենք համաձայնագրի որոշակի հատվածի համար։ Առանց միջուկային էներգիայի ոչ միայն Թուրքիան, այլև մնացած աշխարհը մինչև դարի կեսերը չեն կարողանա հասնել ածխածնային չեզոքության։ Մենք ավարտել ենք առաջին ռեակտորը և հիմնական շինարարական աշխատանքները Աքքույուում, սակայն, ինչպես գիտեք, սա աշխարհի ամենամեծ միջուկային շինհրապարակն է։ Այս էլեկտրակայանից մենք կկարողանանք արտադրել մոտավորապես 4,8 ԳՎտ էլեկտրաէներգիա»։

Բայրաքթարը նշել է, որ իրենք կարող են լրացնել բացը և շուտով գործարք կնքել Չինաստանի հետ միջուկային էներգետիկայի ծրագրի շուրջ և ավելացրել, որ երկարաժամկետ էներգետիկ պլանների համաձայն՝ Թուրքիայում անհրաժեշտ է ավելի քան 20 ԳՎտ ատոմակայաններ։

«Որոշ երկրների հետ բանակցությունները շարունակվում են նաև փոքր մոդուլային ռեակտորների (SMR) վերաբերյալ»,- եզրափակել է նա:

  • Կիսվել: