շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Հազարավոր մարդիկ ցույց են արել՝ ի պաշտպանություն Ստամբուլի դատապարտված քաղաքապետի

Հազարավոր մարդիկ ցույց են արել՝ ի պաշտպանություն Ստամբուլի դատապարտված քաղաքապետի

Հազարավոր մարդիկ Ստամբուլի քաղաքապետարանի մոտ իրենց աջակցությունն են հայտնել ընդդիմության առաջնորդ և Թուրքիայի խոշոր քաղաքի ղեկավար Էքրեմ Իմամօղլուին, որին դատապարտել են երկու տարի 7 ամիս ազատազրկման, հայտնում է Euronews-ը։

Որոշման համար հիմք է ընդունվել 3 տարի առաջ ասված Իմամօղլուի խոսքը: Նա Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումն անվանել է «հիմարություն», ինչը դատարանը համարել է հանցագործություն, քանի որ դա վիրավորանք է իշխանություններին։

Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից ընտրված Էքրեմ Իմամօղլուն 2019 թվականին երկու անգամ հաղթել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Խախտումների վերաբերյալ «Արդարություն և զարգացում» կուսակցության բողոքների պատճառով առաջին քվեարկության արդյունքը չեղյալ հայտարարվեց։ Երկրորդ անգամ ընդդիմության ներկայացուցիչը կրկին հաղթել է՝ էլ ավելի մեծ՝ 9 տոկոս տարբերությամբ։ Նրա հաղթանակը վերջ է դրել Ստամբուլում Էրդողանի կուսակցության 25-ամյա կառավարմանը։

Իր հերթին Էքրեմ Իմամօղլուն ասել է, որ «հիմարություն» ասելով պատասխան է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերին, որն իրեն անվանել է «հիմար»: Ընդդիմադիր քաղաքական գործիչն ընդգծել, որ դատավճիռը փորձ է թույլ չտալ իրեն առաջադրվելու նախագահական ընտրություններում։

  • Կիսվել: