ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի

Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. Ղարիբաշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված զինված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում Վրաստանում։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Regnum-ը։

«Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ տեղի է ունենում այս երկրներում, մեզ համար անընդունելի է, և մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ իրադարձություններին», - ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

  • Կիսվել: