«Հայաստանի Հանրապետություն». Սահակաշվիլին կարող է վերադառնալ Վրաստան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․
«Տեսանյութը ֆեյսբուքում հասանելի է միայն վրացական լսարանին: Իր հայտարարությունը քաղաքական գործիչը կատարել է նաեւ վրացերենով:
«Աստված է վկա, որ ես լավն եմ ցանկացել իմ ժողովրդի համար: Ուզում էի, որ իմ ժողովուրդն ավելի լավ ապրի, հարուստ, եւ, այնուամենայնիվ, ես ուզում եմ բոլորից ներողություն խնդրել գործած սխալների համար: Այս 7 տարվա ընթացքում չի եղել մի օր, որ չհետաքրքրվեմ Վրաստանի լուրերով, եւ հաստատ գիտեմ, որ իմ նախագահության շրջանն իզուր չի անցել, եւ շատ բան, որն ստեղծեցինք, պահպանված է մինչեւ հիմա եւ գործում է: Սակայն միեւնույն ժամանակ, երբ լսում եմ Վրաստանի նորությունները, հասկանում եմ, որ կարող ենք շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է հարուստ ապրել, եւ մեզ մոտ դա կստացվի: Ես վերադառնում եմ»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: Երկրում նախընտրական պաշտոնական քարոզչությունը մեկնարկել է օգոստոսի վերջին: Խառը համակարգով կընտրվի 150 պատգամավոր: Մի մասը՝ կուսակցական ցուցակով, մի մասը՝ մեծամասնական ընտրատարածքների միջոցով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ավարտել է կուսակցությունների գրանցումը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: ԿԸՀ-ից «կանաչ լույս» է ստացել ռեկորդային թվով՝ 66 կուսակցություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։