կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարյուրից ավելի մարդ է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ

Հարյուրից ավելի մարդ է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ

Միջազգային հանրությունը դատապարտել է Իսրայելին, Գազայի հատվածում օգնության բեռների մոտ հավաքված պաղեստինցիների վրա կրակելու համար:

Հինգշաբթի առավոտյան մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը իսրայելական անցակետով մտել է Գազա։ 18-ից 30 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը ձգվել է մի քանի հարյուր մետր: Մարդկանց ամբոխը շտապել է դեպի բեռնատարները՝ փորձելով վերցրնել այն ամենը, ինչին կարող էին հասնել, գրում է BBC-ն։

Անցակետում գտնվող իսրայելցի զինվորները կրակ են բացել ամբոխի վրա՝ պատճառաբանելով, որ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել: Իսրայելի պաշտպանության բանակն էլ պնդում է, որ դա «զուսպ արձագանք» էր, ինչի հետևանքով զոհվել է 112 պաղեստինցի, վիրավորվել՝ 760-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայում տեղի ունեցածը, հիշեցրել, որ խաղաղ բնակիչները շտապ հումանիտար օգնության կարիք ունեն և կրկին կոչ է արել անհապաղ մարդասիրական դադար հաստատել, ինչպես նաև ազատ արձակել բոլոր պատանդներին։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման ժամանակ Իսրայելի հարվածն անվանել է միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին մղձավանջ է անվանել Իսրայելի այդ հարձակումը Գազայի հատվածի բնակիչների վրա:

Իսրայելի հարվածը Գազայի հատվածում մարդասիրական ավտոշարասյունը շրջապատող ամբոխի վրա, խիստ դատապարտել է նաև Մեքսիկայի կառավարությունը: Իսկ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Գազայի հատվածին Իսրայելի հարվածները, որոնց զոհ են դարձել հազարավոր խաղաղ բնակիչներ, համեմատել է Հոլոքոստի հետ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել, որ միջադեպը կբարդացնի ԱՄՆ-ի և այլ միջնորդների ջանքերը՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պատերազմում ժամանակավոր հրադադարի հասնելու համար։

Ի դեպ, ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Գազայի հատվածում մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա կրակելու մասին հայտարարությունը։

Ամերիկյան կողմը բացատերլ է, որ Սպիտակ տունը դեռևս դիտարկում է Գազայի հատվածի իրադարձությունների երկու հակասական վարկածները, որոնք ներկայացրել են իսրայելական և պաղեստինյան կողմերը։

  • Կիսվել: