երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՀԱՊԿ-ը մտահոգված է քիմիական ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ

ՀԱՊԿ-ը մտահոգված է քիմիական ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ

ՀԱՊԿ երկրները խորին մտահոգություն են հայտնել քիմիական ահաբեկչության սպառնալիքի կապակցությամբ եւ հստակ հայտարարում են իրենց հակվածությունը խաղաղությանը, որը զերծ է քիմիական զենքից: Այս մասին նշված է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համատեղ հայտարարության մեջ:

՛՛Հիմք ընդունելով, որ ՀԱՊԿ անդամ երկրները վճռականորեն դատապարտում են միջազգային ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները, դարձյալ հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն առ այն, որ անհրաժեշտ է միավորել ջանքերն ահաբեկչության հակազդման ուղղությամբ ՄԱԿ-ի գլխավորությամբ միասնական հակաահաբեկչական ճակատի շրջանակում, որի հիմքում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքներն են՛՛,-ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ նշվում է նաեւ, որ անհրաժեշտ է թույլ չտալ ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քաղաքականացումն ու դրանք երկակի ստանդարտների քաղաքականության գործիքների վերածումը:

Ըստ հայտարարության՝ երկրները կողմ են, որ ընդլայնվի համագործակցությունը Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի մասնակից պետություններում օտարերկրացի ահաբեկիչների ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ, որոնք ունեն գիտելիքներ քիմիական զենք մշակելու, արտադրելու եւ կիրառելու ոլորտում, այդ թվում՝ Կոնվենցիայի անդամ պետությունների միջեւ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու միջոցով: Այդ կապակցությամբ ակտիվանում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատանքային խմբի գործունեության կարեւորությունը, որը լավ հարթակ է քիմիական ահաբեկչությանը հակազդելու նպատակով հայեցակարգային մտքերը եւ առկա սպառնալիքների մասին տեղեկատվությունը փոխանակելու համար:

  • Կիսվել: