հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնվի և բախումները դադարեն. Սիդորով

ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնվի և բախումները դադարեն. Սիդորով

ՀԱՊԿ պետությունները, անհրաժեշտութան դեպքում, պատրաստ են Կովկասում իրենց դաշնակցի կողքին կանգնել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։

Նա նշել է, թե ԶԼՄ-ներում հաճախ լուրեր են տարածվում, որ ՀԱՊԿ-ն իր անդամ պետությանն օգնություն չի ցուցաբերում, բայց, ըստ նրա, ռազմաքաղաքական իրավիճակը տարբեր է լինում` «միշտ չէ, որ ռազմական ուժերով կարելի է ինչ-որ հիվանդության բուժման համար վիրահատություն իրականացնել. երբեմն պետք է գործել «մի վնասիր» սկզբունքով»։

«Առավելագույնս փորձում ենք պահպանել իրավիճակը։ Գաղտնիք չէ, որ անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցան վատ իրադարձություններ։ Ավելին, եղել են զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, արձանագրվել է տարածքային կորուստ, սպառազինության և տեխնիկայի կորուստ»,- ասել է Սիդորովը։

Նա հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքում որոշում է կայացվել առաքելություն ուղարկել, իսկ հաջորդ օրն ինքն է մեկնել, որից հետո՝ Ստանիսլավ Զասը։

«Մենք փորձել ենք առավելագույնս օբյեկտիվ վերլուծություն կատարել այն իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է և զեկույց ենք ներկայացրել պետությունների ղեկավարներին։ Հետո արդեն որոշում են կայացնում պետությունների ղեկավարները», - ընդգծել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ընդունելի լուծում գտնվի և բախումները դադարեն։

  • Կիսվել: