շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հանդիպումը կամ բանակցությունը Բայդենի հետ օգտակար չեմ համարում. Ռայիսի

Հանդիպումը կամ բանակցությունը Բայդենի հետ օգտակար չեմ համարում. Ռայիսի

ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նիստին մասնակցելու նախօրեին, ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հնարավոր հանդիպման մասին, ասել է. «Չեմ կարծում, որ նման հանդիպում տեղի կունենա։ Հանդիպումը կամ բանակցությունը օգտակար չեմ համարում», գրում է parstoday.com-ը:

Հարցին՝ թե արդյոք տարբերություն կա՞ Թրամփի վարչակազմի և Բայդենի վարչակազմի միջև, Ռայիսին պատասխանել է. «ԱՄՆ նոր կառավարությունը հայտարարում է, թե տարբերվում է Թրամփի վարչակազմից, բայց մենք գործնականում որևէ փոփոխություն չենք տեսել»։

Հինգշաբթի օրը կայացած հարցազրույցում Ռայիսին ասել է. «Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը պետք է ուղեկցվի երաշխիքների տրամադրմամբ, իսկ միջուկային բանակցություններն առաջ մղելու համար պետք է լուծվեն վերահսկողության հետ կապված հարցերը»:

Իրանի նախագահն ասել է. «Մեր միջուկային գործունեությունը դադարեցնելու պահանջի փոխարեն Արևմուտքը պետք է Սիոնիստական ​​ռեժիմին նման պահանջ ներկայացնի, որն ունի զանգվածային ոչնչացման զենք»։

Ընդգծելով, որ Իրանի իշխանությունները վճռական են՝ պաշտպանելու երկրի և ժողովրդի իրավունքները, այաթոլլա Ռայիսին հավելել է. «Միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անօգուտ են: ԱՄն-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ Իրանի մոտ վստահություն ստեղծելու համար»:

Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատրաստվում է մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ գագաթնաժողովին։

  • Կիսվել: