երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների,  կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 93 %-ը։ Այդ մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում։

«Համաշխարհային պետական ​​պարտքի ցուցանիշը շատ բարձր է: Ինչպես սպասվում է, 2024 թվականին այն կգերազանցի 100 տրիլիոն դոլարը (դա համաշխարհային ՀՆԱ-ի 93 %-ն է) և կաճի մինչև տասնամյակի վերջը (մինչև 2030 թվականն այն կհասնի ՀՆԱ-ի 100 %-ին)։ Թեև պարտքը, կանխատեսումների համաձայն, կկայունանա կամ կնվազի երկրների մոտ երկու երրորդում, սակայն այն կմնա զգալիորեն ավելի մեծ, քան սպասվում էր մինչև համավարակը», - զեկույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Այն երկրներին, որոնցում չի կանխատեսում պարտքի կայունացում, բաժին է ընկնում աշխարհի պարտքի կեսից ավելին և համաշխարհային ՀՆԱ-ի մոտ երկու երրորդը: Ծանրակշիռ հիմքեր կան կարծելու, որ ապագայում պարտքի ցուցանիշները կլինեն ավելի բարձր, քան այժմ կանխատեսվում է: Վերջին տասնամյակներում բյուջեի հարցերի շուրջ քաղաքական քննարկումն ավելի ու ավելի է գնում կառավարության ավելի մեծ ​​ծախսերի ուղղությամբ», - նշել են հիմնադրամի մասնագետները։ 

Փաստաթղթում չեն ներկայացվել առանձին երկրների պետական ​​պարտքի ցուցանիշները կամ կանխատեսումները։

Ապրիլին ԱՄՀ-ի մասնագետները նշել էին, որ բոլոր երկրների պետական ​​պարտքի մակարդակը 2023 թվականին աճել է «մոտ երկու տոկոսային կետով՝ հասնելով (խմբ.՝ համաշխարհային) ՀՆԱ-ի 93,2 %-ին»։

«Աճի առաջատարները եղել են երկու խոշորագույն տնտեսությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը, որտեղ պարտքն աճել է ՀՆԱ-ի համապատասխանաբար ավելի քան երկու և  վեց տոկոսային կետով», - պարզաբանել են հիմնադրամում:

 

  • Կիսվել: