Համաձայնագրի կնքման դեպքում Իրանը կկարողանա ավելի արդյունավետ դեր խաղալ Եվրոպայի երկրներին էներգակիրներ տրամադրելու գործում. Քանանի
Իրանը պատրաստ է աջակցելու Եվրոպային էներգետիկ ոլորտում, եթե ստորագրվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
՛՛Հուսով ենք, որ համաձայնագիրը կկնքվի, և Իրանը կկարողանա ավելի արդյունավետ դեր խաղալ աշխարհի ու Եվրոպայի երկրներին էներգակիրներ տրամադրելու գործում՛՛,-ասել է նա՝ հավելելով, որ եվրոպական երկրներն Իրանի էներգետիկ ներուժի մեծ կարիք ունեն:
Նշենք, որ օգոստոսի 22-ին Իրանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին պատասխան էր ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ համաձայնագրի նախագծի առաջարկներին։ ԵՄ-ն Իրանի պատասխանն անվանել է կառուցողական և հավելել, որ իրենք խորհրդակցում են Վաշինգտոնի հետ հետագա քայլերի շուրջ։ Օգոստոսի 24-ին Իրանի իշխանությունները պատասխան են ստացել ԱՄՆ-ից, որի քննարկումը դեռ ընթացքի մեջ է: