հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ղազախստանը զորք կուղարկի Գազա

Ղազախստանը զորք կուղարկի Գազա

Ղազախստանի զինուժը Գազայի հատվածում կպահպանի խաղաղությունը, տեղեկացնում է «Դոյչե վելեն»։

Նշվում է, որ համապատասխան համաձայնություն ձեռք է բերվել Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին նիստում, որը վարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ հինգ երկրներ՝ Մարոկկոն, Ալբանիան, Կոսովոն, Ինդոնեզիան և Ղազախստանը, համաձայնել են զորքեր ուղարկել Գազա:

Հանդիպմանը մասնակցած նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է իր մտադրությունը՝ «աջակցել Միջազգային կայունացման ուժերին՝ ուղարկելով ռազմական ստորաբաժանումներ, այդ թվում՝ բժշկական», ինչպես նաև խաղաղապահներ։ Տոկաևի խոսքով՝ Աստանան նաև կտրամադրի ֆինանսավորում, սնունդ և այլ մարդասիրական օգնություն Գազայի հատվածին և կմասնակցի ավերված շենքերի վերականգնմանը։

Միջազգային կայունացման ուժերի խնդիրն է Գազայում պահպանել կարգուկանոնը, վերահսկել հրադադարը և նպաստել երկարատև խաղաղությանը։ Ինդոնեզիան հայտարարել է, որ կարող է տեղակայել 5000-ից 8000 զինվոր։ Դեռևս պարզ չէ, թե որքան զորք կներդնեն այլ երկրները։ Եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան, հրաժարվում են մասնակցել Խաղաղության խորհրդին։

  • Կիսվել: