ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները

Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները

Ղազախստանի կառավարությունը՝ Ալիխան Սմայլովի գլխավորությամբ, հրաժարական է տվել խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի նոր կազմի ընտրությունից հետո, հայտնել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի մամուլի ծառայությունը:

Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն իր լիազորությունները վայր է դնում նորընտիր Մաժիլիսի առաջ։ Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։ 

Վարչապետի թեկնածությունն առաջարկել է «Ամանաթ» կուսակցությունը, որը հաղթել է վերջին ընտրություններում։

Մաժիլիսի պատգամավորների ընտրությունները տեղի են ունեցել մարտի 19-ին։ Պալատում տեղերի մեծ մասը՝ 98-ից 62-ը, զբաղեցրել է «Ամանաթ» կուսակցությունը։ Խորհրդարան են անցել նաեւ «Աուիլ» կուսակցությունը (ութ տեղ), Respublica եւ «Ակ Ժոլ» կուսակցությունը (վեցական տեղ), Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (հինգ տեղ) եւ Համազգային Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (չորս տեղ): Եվս յոթ պատգամավորական տեղ զբաղեցրել են ինքնաառաջադրված թեկնածուները:

Ղազախստանի նախագահը խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո Մաժիլիսի քննարկմանը կներկայացնի վարչապետի թեկնածությունը եւ կշանակի նրան պատգամավորների համաձայնությունը ստանալուց հետո:

 

  • Կիսվել: