շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանն արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին

Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանն արժանի է Եվրամիության թեկնածուի կարգավիճակին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը մատնանշում է Վրաստանի հաջողությունը Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու ճանապարհին։

«Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց Վրաստանի ազգային իրավական դաշտի ԵՄ օրենսդրության հետ համատեղելիության վերաբերյալ: Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Վրաստանն արժանի է ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն»,- ուրբաթ օրը Twitter-ում գրել է Ղարիբաշվիլին։

Իր հերթին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Եվրահանձնաժողովի փաստաթուղթը ցույց է տալիս, որ օբյեկտիվ չափանիշներով որոշում կայացնելու պայմաններում Վրաստանը պետք է այս տարի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանա այս տարի»։

Վրաստանում ԵՄ պատվիրակության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց, որը նկարագրում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի պատրաստակամության աստիճանը։ Նույն զեկույցն է արվել նաև Մոլդովայի և Ուկրաինայի վերաբերյալ, որոնք, ի տարբերություն Վրաստանի, արդեն ունեն ԵՄ թեկնածուի կարգավիճակ։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Խերչինսկին ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ ցանկանում է շնորհավորել Վրաստանի իշխանություններին «բավականին դրական զեկույց» ստանալու կապակցությամբ։ Միաժամանակ, նրա խոսքով, փաստաթղթի համաձայն, երկիրը դեռ պետք է աշխատի որոշ ոլորտներում ԵՄ-ի հետ մերձեցման համար։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանը միանալու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Գագաթնաժողովը հայտարարել է նաև Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին՝ մի շարք պայմանների կատարումից հետո։

  • Կիսվել: