երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գերմանիայում ուժի մեջ է մտնում կանեփի օրինականացման օրենքը

Գերմանիայում ուժի մեջ է մտնում կանեփի օրինականացման օրենքը

Գերմանիայում ուժի մեջ է մտել կանեփի պահումն ու աճեցումը կարգավորող օրենքը, որը բանավեճեր էր հարուցել գերմանական հասարակության մեջ։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նոր կանոնների համաձայն՝ Գերմանիայի՝ 18 տարեկանից բարձր բնակիչներին թույլատրվում է դրսում մոտն ունենալ 25 գրամից ոչ ավելի կանեփ։ Տանը թույլատրվում է աճեցնել կանեփի երեք թփից ոչ ավելի կամ ունենալ առավելագույնը 50 գ կանեփ սեփական կարիքների համար: Բույսը հանվել է արգելված նյութերի ցանկից։

Այժմ կարելի է կանեփ ծխել հասարակական վայրերում, բայց արգելված է դա անել երեխաների, դեռահասների ներկայությամբ, ինչպես նաև մանկապարտեզների, դպրոցների, խաղահրապարակների և մարզահրապարակների մոտ, ինչպես նաև ցերեկային ժամերին հետիոտնային վայրերում: Հուլիսից՝ օրինականացման երկրորդ փուլում, կանեփի սիրահարների համայնքներին, որոնք վերահսկվում են պետության կողմից, խիստ պայմանների պահպանման դեպքում թույլ կտրվի բուծել կանեփ և թմրախոտը բաժանել այդ կազմակերպությունների անդամներին: Միաժամանակ օրենքը նախատեսում է կանեփից կախվածության կանխման միջոցառումներ։

Կանեփի մասնակի օրինականացումը դեռ 2021 թվականին ներառվել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության, «Կանաչների» և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության կոալիցիոն համաձայնագրում։ Առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը հայտարարել է, որ այժմ արդեն ուժի մեջ մտած օրենքը հարկադրված միջոց է։ Նրա խոսքով, դա թույլ կտա պետությանը պաշտպանել քաղաքացիներին ավելի վտանգավոր ծխելու խառնուրդներից և այլ թմրամիջոցներից, որոնք անվերահսկելիորեն տարածվում են սև շուկայում։

Ընդդիմությունը, դաշնային երկրամասերի ​​իշխանությունները և տարբեր կազմակերպություններ դեմ են հանդես եկել կանեփի օրինականացմանը՝ համարելով, որ նոր կանոնները բացասաբար կանդրադառնան հանցավորության դեմ պայքարի վրա:

  • Կիսվել: