երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերմանիայում հայտնել են Բունդեսվերի սպաների խոսակցության արտահոսքի պատճառը

Գերմանիայում հայտնել են Բունդեսվերի սպաների խոսակցության արտահոսքի պատճառը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ղրիմի կամրջին հարվածներ հասցնելու համար Ուկրաինային հրթիռներ մատակարարելու շուրջ գերմանացի սպաների խոսակցությունների ձայնագրությունները ԶԼՄ-ներում հայտնվելը տեղի է ունեցել ոչ թե հեռահաղորդակցական համակարգերի վրա հարձակման, այլ մասնակիցներից մեկի սխալի հետևանքով: Այս մասին հայտնում է Die Zeit հրատարակությունը։

«Խոսակցությունը հաջողվել է ձայնագրել, քանի որ տեղի է ունեցել սարքավորման սխալ օգտագործման անհատական ​​դեպք: Զրույցի ոչ բոլոր մասնակիցներն են միացել պաշտպանված կապով: Տվյալների արտահոսքը տեղի է ունեցել այն պատճառով, որ Սինգապուրում գտնվող մասնակիցներից մեկին միացրել են ոչ փակ կապուղով», - հայտնում է Die Zeit-ը՝ վկայակոչելով նախարարի պարզաբանումը։

Նա վստահեցրել է, որ կապի գերմանական համակարգերի վրա հարձակում չի եղել։

«Ռուսաստանցի լրտեսը չի միացել խոսակցությանը, որը տեղի էր ունենում Webex հավելվածի միջոցով», - ասել է Պիստորիուսը։

Նախարարը հավելել է, որ IT-մասնագետները կզբաղվեն բանակցություններում օգտագործվող սարքերի ստուգմամբ, դրա հետ մեկտեղ հսկողական մարմինները խոսակցության մասնակիցների նկատմամբ կանցկացնեն նախնական կարգապահական քննություն։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը բացատրություններ էր պահանջել Բեռլինից՝ կապված Ղրիմի կամրջի վրա հարձակումների համար Կիևին հեռահար հրթիռներ մատակարարելու շուրջ գերմանացի պաշտոնյաների միջև բանակցությունների հրապարակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «հարցերին պատասխանելուց խուսափելու փորձերը կդիտվեն որպես մեղքի ընդունում»։

Ավելի վաղ Գերմանիայում հաստատել էին ձայնագրության իսկությունը։ Իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս մեկ անգամ կրկնել էր, որ երկիրը Կիևին Taurus հրթիռներ չի մատակարարի։ 

  • Կիսվել: