կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գերմանիայի դիրքորոշումն Ուկրաինա տանկեր ուղարկելու հարցում կախված կլինի Բայդենից. Politico

Գերմանիայի դիրքորոշումն Ուկրաինա տանկեր ուղարկելու հարցում կախված կլինի Բայդենից. Politico

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հազիվ թե փոխի իր թերահավատ դիրքորոշումն Ուկրաինային մարտական ​​տանկեր մատակարարելու հարցում, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հակառակ կոչը չանի:

Այս մասին գրել է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության երկու աղբյուրների։ «Շոլցի դիրքորոշումը մեծապես կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, որի հետ կանցլերն արդեն նախկինում սերտորեն համակարգել է իր գործողությունները», - նշում է պարբերականը՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ երկու ղեկավարներն արդեն համատեղ հայտարարություն են տարածել Կիևին գերմանական և ամերիկյան հետևակի մարտական ​​մեքենաների մատակարարման վերաբերյալ։

Շոլցը նախկինում բազմիցս շեշտել է զենքի մատակարարումները ԱՄՆ նախագահի հետ քննարկելու կարևորությունը՝ նշելով, որ Ուկրաինա տանկերի մատակարարումները պետք է քննարկվեն արևմտյան բարեկամների և դաշնակիցների, հատկապես՝ ԱՄՆ-ի հետ: Իր հերթին Մեծ Բրիտանիան նախատեսում է բրիտանական Challenger 2 տանկեր մատակարարել Ուկրաինային: Գերմանիայի կառավարության խոսնակը, սակայն, հայտնել է, որ Գերմանիայի նախարարների կաբինետն առայժմ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը. Բեռլինը մերժել է Leopard 2 գերմանական տանկերն Ուկրաինա ուղարկելու կոչերը:

Գերմանիայի կանցլերն է՛լ ավելի մեծ ճնշման տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Լեհաստանը որոշեց Leopard 2 տանկեր մատակարարել Ուկրաինային: Politico-ի փոխանցմամբ՝ Վարշավան առաջարկել է Leopard տանկերը Կիևին մատակարարել Եվրոպական երկրների ավելի լայն համագործակցության միջոցով: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ Լեհաստանում Ուկրաինա տանկեր մատակարարելու որոշումն արդեն ընդունված է։ Նրա խոսքով՝ այս որոշումն իրականցնելու համար «պետք է կատարվեն մի շարք ֆորմալ պահանջներ, ձեռք բերվեն համաձայնություններ»։

Ըստ հրատարակության՝ այս մատակարարումների համար խոչընդոտ է այն, որ Բեռլինը պետք է հավանություն տա գերմանական զենքերի վերաարտահանմանը: Ինչպես  ճեպազրույցում ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, Բեռլինը տանկերի վերաարտահանման վերաբերյալ կոնկրետ հարցումներ առայժմ չի ստացել։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Գերմանիայի ARD հանրային հեռարձակող ընկերությանը հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ Գերմանիան կհամաձայնի Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Bild պարբերականն իր հերթին նշում է, որ Գերմանիան կա՛մ պետք Է Լեհաստանին թույլ տա այդ մատակարարումները, կա՛մ արգելափակի դրանք։ Օգտագործելով «zugzwang» շախմատային տերմինը՝ հոդվածի հեղինակն այն տեսակետն է հայտնում, որ երկու տարբերակներն էլ հարմար չեն Բեռլինի համար:

  • Կիսվել: