չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Այսօր Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն կանչված տարբեր երկրների դիվանագետների թվում է նաև Թուրքիայում Գերմանիայի դեսպանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Զասեն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Զասեն ճեպազրույցի ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Ես կարող եմ հաստատել, որ մեր դեսպանը տարբեր երկրների այլ գործընկերների հետ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ զրույցի համար՛՛:

Ըստ նրա՝ պատճառը Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության փակվելն է՝ ահաբեկչության վտանգի պատճառով։ Նա պարզաբանել է, որ Թուրքիայի այլ քաղաքներում տեղակայված գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների մնացած մասը չեն տուժել այդ միջոցներից։

՛՛Դրանք բաց են մնում՛՛,-հավելել է Զասեն:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Ստամբուլում մի շարք արևմտյան երկրների հյուպատոսարանների փակման հետ կապված իրավիճակը, հայտարարել էր, որ դժվար է այդ երկրներին դաշնակիցներ և բարեկամներ անվանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով:

  • Կիսվել: