երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գերմանիան խնդրել է Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներով գնացքներ չուղարկել

Գերմանիան խնդրել է Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներով գնացքներ չուղարկել

Բեռլինը դիմել է Վարշավային՝ խնդրելով դադարեցնել Ուկրաինայից փախստականներով գնացքների ուղարկումը Գերմանիա։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը՝ հաղորդում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ «Ուկրաինայից փախստականների մասշտաբները ցնցել են ողջ Եվրոպան»։ Գերմանական կողմը պատճառաբանել է, որ իրենց մոտ խցանում է առաջացել, ինչը վրդովեցրել է լեհ պաշտոնյային:

«Ի՞նչ է նշանակում խցանում. երեք օրվա ընթացքում հատուկ գնացքներով Վարշավայից, Կրակովից և Կատովիցեից 28 հազար մարդ է մեկնել, մեզ մոտ դեռևս 1,5 միլիոն մարդ կա: Դա ցույց է տալիս, թե որքան անպատրաստ էր ԵՄ-ն այս իրավիճակին»,- ասել է Շեֆերնակերը և ակնկալել, որ Եվրամիության մյուս երկրները կշարունակեն ընդունել ուկրաինացի փախստականներին։

«Մենք բոլորս պետք է միմյանց աջակցենք, ես հույս ունեմ եվրոպական համերաշխության նկատմամբ»,- շեշտել է փոխնախարարը։

Լեհաստանի սահմանապահ ծառայության վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ից Ուկրաինայից այդ երկիր է ժամանել 1 մլն 758 հազար մարդ։ Հանգստյան օրերին Լեհաստանի իշխանությունները փախստականներով մոտ երկու տասնյակ գնացքներ են ուղարկել Գերմանիա, մի քանի լրացուցիչ գնացք էլ՝ Չեխիա։

  • Կիսվել: