ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
«Գազպրոմը» հետաձգել է Թուրքիայում գազային հանգույցի կառուցման ծրագրերը. Bloomberg

«Գազպրոմը» հետաձգել է Թուրքիայում գազային հանգույցի կառուցման ծրագրերը. Bloomberg

Ռուսական «Գազպրոմ» կորպորացիան առանց ավելորդ աղմուկի հետաձգել է Թուրքիայում նոր գազաբաշխիչ հանգույց կառուցելու ծրագրերը՝ այդպիսով փակելով եվրոպական շուկաներում իր դիրքերը վերականգնելու պոտենցիալ հնարավորությունը, որը կորցրել էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ը։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները նմանատիպ հանգույց ստեղծելու հնարավորությունը դիտարկել են «Հյուսիսային հոսք»-երով մատակարարումները դադարեցնելու և Ուկրաինայի տարածքով տարանցումը չեղարկելու հետ կապված։ Աղբյուրները հայտնել են, որ տարբերակներն ամիսներ շարունակ ուսումնասիրելուց հետո «Գազպրոմը» եզրակացրել է, որ քայլն աննպատակահարմար է և հիմնականում դադարեցրել է նախագծի աշխատանքները։

2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ խոսել էր նախաձեռնության մասին։ Նրա կարծիքով՝ խոսքը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրի մասին է, որը մոտավորապես հավասար է շարքից դուրս եկած «Հյուսիսային հոսք»-երի հզորություններին։ Ըստ Bloomberg-ի՝ թուրքական հանգույց ստեղծելու գաղափարը «Գազպրոմ»-ինը չէր և կարող էր առաջանալ կրեմլամերձ քաղաքական շրջանակներում:

Չնայած Անկարայի սկզբնական հետաքրքրությանը և Մոսկվայի՝ 2022 և 2023 թվականներին տված հավաստիացումներին, որ բանակցությունները կտևեն ընդամենը մի քանի ամիս, նախագիծը առաջ չի շարժվել։ Մանրամասների մշակմանը զուգընթաց՝ «Գազպրոմի» հետաքրքրությունն ավելի ու ավելի է սառել։ Արդյունքում՝ Թուրքիան ցանկացել է ինքնուրույն իրացնել գազը, իսկ ռուսական կորպորացիան գործելու էր միայն որպես մատակարար, ինչում վերջինը շահագրգռված չի եղել՝ փաստում է գործակալությունը։

Բացի այդ, Եվրամիությունը պատրաստվում է մինչև 2027 թվականի վերջը լիովին արգելել ռուսական գազի ներմուծումը։ ԵՄ տվյալների համաձայն՝ Միության անդամ պետությունների ներկրած ռուսական խողովակաշարային գազի մասնաբաժինը 2021 թվականի ներմուծման ընդհանուր ծավալի 40%-ից 2023 թվականին նվազել է մինչև 8%։

Ռուսաստանից գազի կախվածությունը նվազեցնելու բանալին ԱՄՆ-ից և Կատարից հեղուկացված բնական գազի գնումների աճն է։ Սակայն դա ակամայից հանգեցրել է եվրոպական շուկա ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումների կտրուկ աճին, որը վաճառվել է ավելի ցածր գներով, եզրակացնում է պարբերականը։

  • Կիսվել: