չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գազայում տասնյակ մարդիկ են զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով

Գազայում տասնյակ մարդիկ են զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 21-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 38 պաղեստինցի, որոնցից 24-ը՝ Խան Յունիսում։ Այսպիսով, մեկ օրում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 98-ի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի տներին։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը դատապարտել է Իսրայելի կառավարության անդամների կողմից աղետալի վիճակում գտնվող Գազայի ժողովրդի վերաբերյալ արված ատելությամբ լի հայտարարությունները, նաև կոչ արել թույլ տալ հումանիտար օգնության առաքումն անկլավ։

«Իսրայելը արգելափակել է մեր օգնության մեծ մասը, որը նախատեսված էր Գազայի խաղաղ բնակիչներին աջակցելու համար։ Մենք միանում ենք մեր միջազգային գործընկերներին՝ կոչ անելով Իսրայելին անհապաղ թույլատրել օգնություն հասցնել Գազա.... Մենք հաստատում ենք, որ դեմ ենք Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը», - նշված է նախարարի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Կանադան սպառնացել էին Իսրայելի դեմ կոնկրետ գործողություններ ձեռնարկել, եթե Գազայի դեմ ռազմական գործողությունները չդադարեն և հումանիտար օգնության մուտքի արգելքը չվերացվի։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 573 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 121 688-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: