Գազայում 22 պաղեստինցի է զոհվել իսրայելական հարձակումներից
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 6-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական բանակի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 22 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերից յոթը գրանցվել է Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում գտնվող օգնության բաշխման կենտրոնի մոտ Իսրայելի հրետակոծության հետևանքով։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են Գազայի Խան Յունիս քաղաքում ականապատված շենքի պայթյունի հետևանքով իսրայելցի 5 զինվորի զոհվելու մասին։ Խան Յունիսում գտնվող գումարտակի հրամանատարը պայթյունի իրականացման մեջ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 677-ի, իսկ վիրավորներինը՝ 125 530-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։