Գազայի հատվածում մեկ օրում 70 զոհ կա
Անցած մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 70 մարդ, ևս 189 վիրավոր տեղափոխվել են անկլավի հիվանդանոցներ: Տեղեկությունը հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 54,7 հազարը, վիրավորվել է ավելի քան 125 հազար մարդ։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 4,4 հազարը, վիրավորվել է գրեթե 13,5 հազար մարդ։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Իր հերթին պաղեստինյան կողմն Իսրայելին մեղադրում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, այն է՝ պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու մեջ: