չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մեկ օրում 40 մարդ է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մեկ օրում 40 մարդ է զոհվել

Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում օգնության կենտրոնների մերձակայքում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Բացի այդ, հունիսի 2-ի լուսաբացից ի վեր զոհվել է ևս 5 պաղեստինցի։

Գազայի հատվածի հյուսիսի շտապօգնության ծառայության տնօրենը հայտնել է, որ օգնության կենտրոնները ժողովրդի համար դարձել են «մահվան թակարդներ»։ Նա նաև նշել է, որ իսրայելական ուժերը ոչնչացրել են Գազայի հատվածի շտապօգնության համակարգի մոտ 80%-ը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը պայթեցրել են Նուրա ալ-Քաաբի բժշկական կենտրոնը, որը երիկամային հիվանդությունների բուժման ծառայություններ էր մատուցում պաղեստինյան անկլավի հյուսիսում։

Բացի այդ, շարունակվում են իսրայելական ուժերի կողմից Արևմտյան ափի գյուղերի և քաղաքների վրա հարձակումները։ Հեբրոնից հարավ գտնվող Դուրա քաղաքի վրա հարձակման հետևանքով հունիսի 2-ին 9 քաղաքացի է ձերբակալվել։

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ շարժումը ողջունել է Կատարի և Եգիպտոսի շարունակական ջանքերն՝ ուղղված Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանը։ Շարժումն իր պատրաստակամությունն է հայտնել Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների փուլ սկսելու վերաբերյալ, որը կհանգեցնի մշտական ​​​​հրադադարի և իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 54 418-ի, վիրավորվել է 124 190 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: