շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաները շարունակվում են. կարգուկանոնը կհսկի 11 հազար ոստիկան

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաները շարունակվում են. կարգուկանոնը կհսկի 11 հազար ոստիկան

Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են, որ այսօր ողջ երկրում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերին կմասնակցի 900 հազարից մինչև 1 միլիոն մարդ:

Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Գործակալությունը նշում է, որ ըստ Le Figaro թերթի՝ ցույցերի ընթացքում հնարավոր են անկարգություններ, այդ թվում՝ ծայրահեղ ձախ սադրիչների մասնակցությամբ: Դրանով Է բացատրվում այն, որ կարգուկանոնն ապահովելու գործում կներգրավվի շուրջ 11 հազար ոստիկան:

Նրանցից 4000-ը կտեղակայվեն Փարիզում: Սա կենսաթոշակային բարեփոխումների դեմ արդեն երրորդ համազգային ակցիան է: Նման ակցիաներ են տեղի ունեցել նաև հունվարի 19-ին և 31-ին։ ՆԳ նախարարության տվյալներով՝ հունվարի 31-ին 1,27 մլն ցուցարար էր մասնակցել բողոքի ակցիային կառավարական նախագծի դեմ, որը Ֆրանսիայի Ազգային ժողովն սկսել է քննարկել երկուշաբթի օրը։ Արհմիությունների խոշորագույն միավորումը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան, բողոքի ակցիաների մասնակիցների թիվը գնահատել է 2,8 միլիոն։

Արհմիությունները կրկին կոչ են արել փետրվարի 7-ին գործադուլներ և ցույցեր կազմակերպել ամբողջ Ֆրանսիայում։ «Ոչինչ չի արդարացնում նման անարդար և կոշտ բարեփոխումը: Կառավարությունը պետք է հաշվի առնի այս նախագծի զանգվածային մերժումը և հետ կանչի այն», - ասվում էր արհմիությունների և երիտասարդական շարժումների հունվարի 31-ի համատեղ կոմյունիկեում:

Հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը ներկայացրել էր կառավարության կողմից մշակված կենսաթոշակային բարեփոխման նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 64-ի: Ենթադրվում է, որ սահմանված կենսաթոշակային տարիքային շեմը տարեկան 3 ամսով աստիճանաբար 62-ից կհասցվի 64-ի, և այդ գործընթացը կտևի մինչև 2030 թվականը։

Նոր ռեժիմը կսկսի գործել այն ֆրանսիացիների համար, որոնք ծնվել են 1961 թ. սեպտեմբերին կամ դրանից հետո։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թ. ընտրարշավի ընթացքում հայտարարել Էր մինչև իր երկրորդ մանդատի ավարտը կենսաթոշակային բարեփոխումներ անցկացնելու  իր վճռականության մասին։

  • Կիսվել: