կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆրանսիայում երեքշաբթի օրը զանգվածային գործադուլներ կանցկացվեն․ երկաթուղային եւ օդային տրանսպորտը կաթվածահար կլինի

Ֆրանսիայում երեքշաբթի օրը զանգվածային գործադուլներ կանցկացվեն․ երկաթուղային եւ օդային տրանսպորտը կաթվածահար կլինի

Սպասվում է, որ երեքշաբթի օրը Ֆրանսիայի երկաթուղային եւ օդային հաղորդակցությունը կդադարեցվի՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային գործադուլի պատճառով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկաթուղային եւ քաղաքացիական ավիացիայի պաշտոնյաներին:

Երկաթուղային օպերատոր SNCF-ն ասել է, որ ներքին գծերով կգործի իր սովորական արագընթաց երկաթուղային ծառայության միայն կեսը:

Իր հերթին, Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ օդանավակայաններում ուշացումներ եւ խափանումներ կարող են լինել, ինչի համար ավիաընկերությունները խնդրել են 20%-ով կրճատել թռիչքները Փարիզի Օրլի օդանավակայանից։

Հունվարին երկրի կառավարությունը հրապարակել է կենսաթոշակային տարիքը երկու տարով բարձրացնելու ծրագիրը՝ այն հասցնելով մինչեւ 64 տարեկան:

Երեքշաբթի՝ հունվարի 31-ին, գործադուլի վերջին օրվա ընթացքում ցույցերին մասնակցել է ավելի քան 1,2 միլիոն մարդ, ինչը մի փոքր ավել է, քան հունվարի 19-ին կայացած առաջին համազգային ցույցի մասնակիցների թիվը։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կիրակի առաջարկել է մի փոքր մեղմել կառավարության ծրագրերը՝ որոշ մարդկանց, ովքեր սկսել են աշխատել մինչեւ 22 տարեկանը, թույլ տալով վաղաժամ թոշակի անցնել՝ հուսալով պառլամենտում ստանալ պահպանողականների աջակցությունը:

  • Կիսվել: