Ֆրանսիան զգուշացրել է իր քաղաքացիներին Վրաստան մուտք գործելու վտանգների մասին
Ֆրանսիան ևս զգուշացրել է Վրաստան այցելել ցանկացող իր քաղաքացիներին, գրում է aliq.ge-ն:
Ֆրանսիայի դեսպանատունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որը թվագրված է մայիսի 12-ով, բայց արդիական է 2025 թվականի մայիսի 29-ի դրությամբ։
Հայտարարության մեջ խոսվում է 2024 թվականից ի վեր ընթացող եվրոպամետ ցույցերի, ցույցերը դաժանորեն ցրելու և տուգանքների մասին. կոչ է արվում խուսափել նմանատիպ հավաքներից։
Ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը հիշեցրել է իր քաղաքացիներին, որ ոստիկանության հարցման դեպքում յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ապացուցել իր ինքնությունը։
Նմանատիպ հայտարարությամբ ԵՄ քաղաքացիներին զգուշացրել էր նաև Լեհաստանի դեսպանատունը։
ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների Վրաստան մուտքը մերժելու բազմաթիվ դեպքերից հետո Լեհաստանը նշել է, որ այցելուներին կարող է մերժվել Վրաստան մուտքը և/կամ սպառնալ մեծ տուգանքներ՝ ցույցերին մասնակցելու կամ սոցիալական ցանցերում որոշակի գործողությունների մասնակցելու համար։